Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկ անգամ չէ, որ ցանկություն է հայտնել վերադառնալու Անգլիա, սակայն, իր վերջին խոսքերի համաձայն, դա կարող է լինել ավելի շուտ, քան սպասում էր:
«Ինձ և ընտանիքիս համար միշտ էլ ամենակարևորը երջանիկ լինելն է: Ես սիրում եմ անգլիական ֆուտբոլը, իսկ ընտանիքս՝ Անգլիան: Միշտ ասել եմ, որ մի օր կվերադառնամ, սակայն կարող է պատահել այն լինի ավելի շուտ, քան սպասում էի»,- մեջբերում է Մոուրինիոյի խոսքերը The Sunday Mirror-ը:
Հիշեցնենք, որ վերջերս շատ էր խոսվում, որ պորտուգալացին տարաձայնություններ ունի ակումբի տեխնիկական տնօրեն Վալդանոյի հետ, սակայն այժմ այլ է պատկերը. իր գլխավորած թիմը գրեթե զրկվել է չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից, որը այնպիսի ամբիցիոզ մարդու համար, ինչպիսին Մոուրինիոն է՝ ողբերգություն է: Նա սիրում է միայն հաղթել և պատահական չէ, որ իրեն համարում է «ընտրյալ»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մոուրինիոյի՝ Օսասունայից կրած պարտությունից հետո տված մամլո ասուլիսի տեսանյութը, որում նա բավականին ընկճված և հիասթափված տեսք ունի: