Իսպանական AS-ը մի հոդված է հրապարակել, որում համոզմունք է հայտնում, որ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամռանը կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից:Չնայած Մոուրինիոյի բացատրություններին և ցանկությանը, Ռեալի ղեկավարությունը, այնուամենայնիվ գտնում է, որ անհրաժեշտ չէ նոր հարձակվող ձեռք բերել: 48-ամյա մասնագետը գտնում է, որ ոչ թե ամռանը, այլ հիմա թիմը կարիք ունի համալրվելու հարձակվողով: Նշվում է նաև, որ պորտուգալացու գլխավոր թեկնածուն Ատլետիկ Բիլբաոյի հարձակվող Ֆերնանդո Լլորենտեն է:
Բացի այդ, Մոուրինիոյի և Արքայական ակումբի ընդհանուր տնօրեն Խորխե Վալդանոյի հարաբերությունները շատ լարված են: Ալմերիայի հետ խաղից հետո (1-1), Վալդանոն քննադատել էր Մոուրինիոյին այն բանի համար, որ նա թիմի միակ հարձակվող Քարիմ Բենզեմային չէր ընդգրկել հիմնական կազմում, ինչը բնականաբար չէր կարող դուր գալ «Special One»-ի պես յուրահատուկ անձնավորությանը:
Նշվում է նաև, որ Մոուրինիոն ակումբի ղեկավարության հետ համաձայն չէ նաև այն հարցում, որ Պեպեի հետ անմիջապես չի երկարաձգվում գործող պայմանագիրը:
Եթե այնուամենայնիվ իրականություն դառնա իսպանական այդ լրատվամիջոցի կանխատեսումը, ապա պորտուգալացին, ով ճանաչվել է նախորդ տարվա լավագույն մարզիչ, դժվարություն չի ունենա նոր աշխատանք գտնելու հարցում: Նրան շատ է ցանկանում կրկին Ինտերի ղեկին տեսնել ակումբի նախագահ Մասիմո Մորատին, ինչպես նաև Մանչեսթեր Սիթին, որի արաբ սեփականատերերն արդեն մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգից ավել գումար են ներդրել ակումբի հաջողությունների համար: