
Էլ Կլասիկո. հանդիպում, որը կարող է զարդարել տիեզերքում գոյություն ունեցող ցանկացած մրցաշարի եզրափակիչ: Հանդիպում, որտեղ հանդիպելու են աշխարհի լավագույնները ու պարզելու են լավագույնին: Մրցելու են «Ռեալն» ու «Բարսելոնան»: Իրար նման, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր թիմեր, երկու հսկաներ, տիտաններ, որոնց խաղերը երբեք անհետաքրքիր կամ կանխատեսելի չեն լինում: Մեկը կարող է ասել, որ «ՌԵալն» է ուժեղ, մեկն էլ կասի «Բարսելոնան», իսկ միգուցե գտնվեն մարդիկ, որ երկու թիմերին հավասար կգնահատեն: Հիմա կփորձեմ պարզել, թե ով է ավելի ուժեղ` հաշվի առնելով տակտիկական, խաղային որակները, ֆուտբոլիստներին համեմատելով ու նրանց խաղը վերլուծելով: «Կլասիկոն» կամ ինչպես հաճախ ասում են «Սուպերկլասիկոն» թույլ կտա մեզ իմանալ, թե վերջապես ով և ովքեր են ավելի ուժեղ: Հենց Կլասիկո բառը, որ նշանակում կլասիկա, ցույց է տաքլիս, որ այս խաղը համաշխարհային ֆուտբոլի կլասիկան է: 1. Տակտիկական նկարագիր ու հավանական կազմեր «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս տարի հիմնականում խաղադաշտ է դուրս բերում նույն մեկնարկային կազմը: Եթե այս անգամ էլ անակնկալներ չլինեն ու մինչև Կլասիկոն ապաքինվեն վնասվածքներից Իգուաինը ու Խեդիրան, ապա մենք կտեսնենք հետևյալ կազմը ու սխեման.
 Այս դեպքում Մարսելոն ու Ռամոսը կգործեն եզրերում ու պատեհ առիթի դեպքում առաջ կշարժվեն ու կփորձեն համագործակցել Ռոնալդուի ու Դի Մարիայի հետ: Ալոնսոն ու Խեդիրան այս անգամ «քիթ սրբելու» ժամանակ չեն ունենա, քանի որ պետք է ցեմենտեն դաշտի կենտրոնը ու չեզոքացնեն Խավիին ու Ինյեստային: Բայց գիտենալով, որ Ալոնսոն նաև հիանալի հեռահար փոխանցումներ է կատարում, կարծում եմ, պետք է ակնկալել նրա կողմից գրոհների ձեռնարկում: Ռոնալդուն ու Դի Մարիան, ինչպես միշտ կփոխվեն եզրերով ու կփորձեն անընդհատ շփոթության մեջ քցել մրցակցին իրենց հնարքներով, որոնք նրանց արսենալում բազմաթիվ են ու բազմապիսի: Մեսութ Օզիլը` այս տարվա գլխավոր հայտնություններից մեկը, կփորձի կազմակերպել թիմի խաղը` գնդակներ մատակարարելով Ռոնալդուին, Դի Մարիային ու Իգուաինին: Իսկ ահա վերջինս լինելու է հարձակման սուր ծայրում ու փորձելու է եզրափակել գրոհները: Փոխարինողներ - Եթե հանկարծ Իգուաինը ու Խեդիրան, կամ նրանցից որևէ մեկը չկարողանան խաղադաշտ դուրս գալ, ապա նրանց հավանական փոխարինողները ֆրանսիացիներն են` Բենզեման ու Լասը: «Այաքսի» հետ խաղում փայլելուց հետո Բենզեման շատ հանգիստ կարող էր մեկնարկում հայտնվել ցանկացած այլ խաղում, բայց ոչ Կլասիկոյում: Մոուրինյոն ռիսկի չի դիմի: Դե եթե, Աստված չանի, Իգուաինը չխաղա, ապա Կարիմը կարող է վերջնականապես հաստատվել հիմնական կազմում, եթե Կլասիկոն լավ անցկացնի: Իսկ ահա Լասը, որ վերջերս է բուժվել վնասվածքից ու ակտիվորեն աշխատում է, կարող է խլել տեղը հիմնական կազմում գերմանացուց: Լասին համառ պայքար է սպասվում: Բացի այդ եկեք քննարկենք, թե ով կարող է խաղի ընթացքում դաշտ դուրս գալ: Եթե «Ռեալին» պետ լինի գոլ խփել, կարծում եմ, դաշտ դուրս կգա Պեդրո Լեոնը, որը հիանալի անցումներ ու հարվածներ է իրականացնում: Իսկ ահա եթե «Ռեալին» հաջողվի հաշվի մեջ առաջ անցնել մեկ կամ երկու գոլի առավելությամբ (ցանկալի է էլ ավելի մեծ), ապա Մոուրինյոն առանց վարանելու դաշտ դուրս կբերի Մահամադու Դիարային կամ ավելի ծայրահեղ քայլի կդիմի ու դաշտ դուրս կգա ևս մեկ պաշտպան` ի դեմս Ալբիոլի կամ Արբելոայի: Իսկ հիմա քննարկենք «Բարսելոնայի» սխեման ու կազմը.
Այստեղ ամեն ինչ պարզ է: 4-1-2-3: Սա այն սխեման է, որով «Բարսելոնան» խաղում է արդեն 4-5 տարի: Ինչպես և ռամոսն ու Մարսելոն, Աբիդալը ու Դանի Ալվեսը հաճախակի առաջ կշարժվեն: Բուսկեցը փորձելու է կասեցնել «Ռեալի» խելահեղ հակագրոհները ու ցեմենտել կենտրոնը: Ահա և հասանք «Բարսելոնայի» ամենաուժեղ խաղացողներին` Խավիին ու Ինյեստային: Այս խաղացողները կազմակերպում են, օգնում են խաղընկերներին ու նաև եզրափակում են: Նրանք կփորձեն ամբողջ խաղի ընթացքում տհաճություններ պատճառել «Ռեալի» հենակետայիններին ու պաշտպաններին: Իսկ ահա նրանց փոխանցումներից կփորձեն օգտվել Մեսսին, Վիլյան ու Պեդրոն: Բայց իմ կարծիքով Մեսսին չի կարողանա լավ խաղալ, եթե լավ չխասղան Խավին ու Ինյեստան: Վառ օրինակ է Արգենտինայի հավաքականը, որտեղ Մասկերանոն ու Վերոնը չէին կարողանում մատակարարել նրան գնդակներով: Իսկ ահա Դավիդ Վիլյայից պետ ք է սպասել անկանխատեսելի գործողություններ: Պեդրոն էլ, իր հերթին, կփորձի կրկնել նախորդ Կլասիկոյի հաջողությունը ու գոլ խփել, բայց դժվար թե դա նրան հաջողվի: 2. Համեմատություններ մարզիչների մեջ Մեկ ֆուտբոլային խաղադաշտում հանդիպելու են աշխարհի երեք լավագույն մարզիչներից երկուսը (երրորդը, բայց լավագույնը իմ կարծիքով Ֆերգյուսոնն է)` Գվարդիոլան որպես տան տեր ու Մոուրինյոն որպես հյուր իր նախկին տանը: Ով է ուժեղ, ով է ավելի խելացի ու հանճարեղ: Կարծում եմ Մոուրինյոն: Գվարդիոլան ավելի շատ այսպիսի հաջողությունների հասավ իր նախորդների շնորհիվ: Դեռ Կրոյֆի ժամանակներից «Բարսելոնան» սկսեց կիրառել այս խաղաոճը, իսկ հետո Բոբի Ռոբսոնը, Լուի Վան Գալը ու Ֆրանկ Ռայկարդը կատարելագործեցին այն: Գվարդիոլան ստացավ արդեն կազմավորված ու խաղացված թիմ: Իսկ ահա Մոուրինյոն, ուր էլ որ գնաց, սկսեց թիմ կառուցել հիմքից: Թե´ «Պորտուում», թե´ «Չելսիում», թե´ «Ինտերում» և թե´ «Ռեալում» նա գնեց այնպիսի խաղացողներ, որոնք ավելի քիչ էին հայտնի երկրպագուին, բայց ավելի շատ հենց իրեն: Նա չեմպիոն մարզիչ է, ի ծնե հաղթող: Նա «Ռեալում» հայտնվեց նոր թիմ կառուցելու ու տիտղոսներ նվաճելու համար ու կարծես թե նա ճիշտ ուղու վրա է ու սլանում է լույսի արագությամբ: Ընդամենը երկու շաբաթում «Ռեալը» սկսեց այնպիսի խաղ ցուցադրել, որ երկու ամիս անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ակումբ: Նա կարողացավ աստղերին ստիպել խաղալ թիմի համար: Ռոնալդուն, որ նախկինում համարվում էր ամենաժլատ խաղացողներից, հիմա ֆանտաստիկ խաղ է ցուցադրում ու բացի նրանից, որ 14 գոլով լավագույն ռմբարկուն է առաջնությունում, նա նաև 5 փոխանցումներով գլխավորում է գոլային փոխանցում կատարողներից ցուցակը: Նա Մարսելոյին ստիպեց պաշտպանություն մնալ ավելի շատ, իսկ ավելի քիչ հարձակվել, ստիպեց պաշտպաններին մոռանալ այն խառնաշփոթը ու «Բաբելոնյան աշխտարակաշինությունը» ու գործել կանոնակարգված ու միասնական, որի արդյունքը այն է, որ թիմը ամենաքիչ գոլերն է բաց թողել առաջնությունում, բայց միևնույն ժամանակ ամենաշատն էլ խփել է: Նա կարողացավ «Ռեալին» դուրս բերել գավաթի խաղարկության մյուս փուլ, կարողացավ Բենզեմային ստիպել աշխատել: Մի խոսքով Մոուրինյոն լավագույնն է աշխարհում Ֆերգյուսոնից հետո: 3. Համեմատություններ խաղացողների մեջ Կասիլյաս - Վալդես Իսպանիայի հավաքականի երկու դարպասապահներ, երկու վարպետներ: Իկերը, անկասկած, լավագույնն է աշխարհում ու ըստ իզ պետք է ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստին տրվող Ֆիֆա-ի ոսկե գնդակը: Իսկ ահա Վալդեսը վերջին երկու տարիների Զամորայի մրցանակի դափնեկիրն է (Զամորան տրվում է առաջնությունում ամենաքիչ գոլ ընդունած դարպասապահին): Բայց եթե համեմատենք այս խաղացողներին, ապա հսկայական առավելություն կունենա Իկեր Կասիլյասը: Ռամոս - Ալվես Այս խաղացողներին համեմատելը այնքան էլ դժվար չէ: Երկուսն էլ հիանալի են միանում գրոհներին, բայց շատ հաճախ չեն հասցնում վերադառնալ, բայց եթե հաշվի առնենք, որ Ռամոսը շատ ավելի հաջող է խաղում գլխով ու նաև հիանալի է գործում գնդակ խլելուց, ապա փոքրիկ առավելություն կունենա Ռամոսը: Պեպե - Պիկե Այս խաղացողներին համեմատելը շատ դժվար է, քանի որ նրանք տարբեր խաղաոճեր ունեն: Ճիշտ է, երկուսն էլ ուժային պայքարի կողմնակից են, բայց Պիկեն շատ ավելի լավ է միանում գրոհներին, քան Պեպեն, այնպես որ այստեղ 48-52 տոկոսային հարաբերությամբ առավելությունը կտամ Պիկեին: Կառվալյու - Պույոլ Երկու վետերաններ, երկու մարտիկներ: Նրանք հիանալի են գլխով խաղի ժամանակ, բայց Կառվալյուն մի փոքր ավելի դանդաղ է, քան Պույոլը, իսկ ահա Պույոլը շատ ավելի վատ է գործում գնդակ խլելուց ու դիրքեր փակելուց: Այստեղ տիրում է բացարձակ հավասարություն: 50-50: Մարսելո - Աբիդալ Խաղաոճերով նրանք ընդհանրապես նման չեն: Մարսելոն ավելի շատ միտված է դեպի մրցակցի տուգանային հրապարակը, իսկ ահա Աբիդալը ավելի լավ է գործում պաշտպանվելիս: Մարսելոն էլ իր հերթին ավելի արագ է ու հասցնում է նահանջել: Այստեղ առավելության նժարը Մարսելոյի կողմն է` 60-40 տոկոսային հարաբերությամբ: Խեդիրա - Բուսկեց Երկու աշխատասեր խաղացողներ, որկու նույն տիպի հենակետայիններ: Ասելու բան էլ չկա, քանի որ նրանք հավասարապես ուժեղ են: 50-50: Ալոնսո - Խավի Այստեղ համեմատությունը սխալ կլինի, քանի որ Ալոնսոն ավելի շատ հենակետային է, իսկ Խավին` կառուցող: Բայց եթե հաշվի առնենք նրանց վարպետությունը ու դաշտը տեսնելու ունակությունը, նրանք նորից հավասար են: Բայց արագությամբ ու «մաքուր» խաղով առավելությունը Խավիի մոտ է: 40-60: Օզիլ - Ինյեստա Երկու տաղանդներ, մեկը արդեն կայացած, մյուսը ծագող աստղ:Եթե Ինյեստան արդեն իր պատկառելի տարիքում կարողացել է նվաճել այն ինչ հնարավոր է ակումբային ու հավաքականի մակարդակով, ապա Օզիլի համար ամեն ինչ դեռ առջևում է: Հաշվի առնելով փորձը առավելությունը կտամ Ինյեստային, բայց խոստանում եմ մեկ երկու տարի անց վերանայել կարծիքս: 45-55: Դի Մարիա - Պեդրո Հաշվի առնելով նրանց արագություները, տեխնիկան, դրիբլինգը, փոխանցումների վարպետությունը, ճկունությունը ու հարվածները առավելությունը միանշանակ Դի Մարիայի կողմն է: 70-30: Սա այն մենամարտն է, որը բացահայտ հաղթում է խաղացողներից մեկը: Ռոնալդու - Մեսսի Որպեսզի բլոգս չդառնա մեկ ամբողջ գիրք, չեմ համեմատի նրանց ու կասեմ, որ նրանք հավասար են ու թե ով է ուժեղ, ցույց կտա խաղը: 50-50: Իգուաին - Վիլյա Առավելությունը կտամ Իգուաինին, քանի որ նա ավելի արագ է ու ճկուն: Ճիշտ է Վիլյան էլ իր հերթին ունի գոլային հիանալի հոտառություն, բայց քանի որ այս տարի նրա հարվածներից դարպասաձողերը ավելի շատ են տուժել, քան Իգուաինի հարվածներից, որոնք էլ, ի դեպ, քիչ չեն եղել, առավելությունը 51-49 հարաբերությամբ Իգուաինի կողմն է: Իսկ թե ով է ուժեղ ընդհանուր դիմակայությունում, ցույց կտա խաղը: Դե ինչ, կարծում եմ, այս բլոգը ձեզ օգնեց ավելի լավ պատկերացում կազմել թիմերի խաղերի ու տակտիկայի մասին, ավելի լավ ճանաչել թիմերին: Խնդրանք: ՍԱ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԻ, ՈՐ ԱՅՆ ՀԱՄԸՆԿՆԻ ՁԵՐ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ:
|