Հեդիրա. Տենչում ենք ռևանշի հասնել Բարսելոնայի հանդեպ
Մադրիդի "Ռեալի” կիսապաշտպան Սամի Հեդիրան նույնիսկ ամենասարսափելի երազում չէր կարող պատկերացնել իր նորամուտը "Բարսելոնայի” հետ կայացած "կլասիկոյում”: Հիշեցնենք, որ կապտանռնագույնները ջախջախել էին "Ռեալին” 5:0 հաշվով:
Այնուամենայնիվ, ինչպես հայտնում է Marca-ն, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը չի հուսահատվում և հույս ունի, որ նրանք ռևանշի կհասնեն:
"Մենք բոլորս ցանկանում ենք ռևանշի հասնել "Բարսելոնայի” նկատմամբ: Հաջորդ "կլասիկոն” կայանալու է մեզ մոտ, և մենք անպայման ցանկանում ենք հաղթել: Սակայն հիմա դեռ պետք չէ կենտրոնանալ այդ հանդիպման վրա”, - ասել է ֆուտբոլիստը:
Բացի դրանից Հեդիրան նշել է, որ "Ռեալը” լավ հնարավորություններ ունի հաղթել Չեմպիոնների լիգան: Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ իր թիմի գլխավոր հակառակորդներն են "Բարսելոնան” և Լոնդոնի "Չելսին”: