Աշխարհի 2009 և 2010 թթ. լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հարցազրույց է տվել goal.com կայքին, որի առավել հետաքրքրական մասերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Մեսսին անդրադարձել է այն քննադատություններին, որոնք հնչել էին իր հասցեին՝ երկրորդ անգամ Ոսկե գնդակի արժանանալուց հետո:
«Ոչ ոքի առաջ և ոչ մի բանի համար չեմ ցանկանում արդարանալ: Միշտ լավագույնս անում եմ այն, ինչի ընդունակ եմ: Բոլոր հանդիպումներում լավ եմ հանդես գալիս և օգնում եմ թիմիս հաջողությունների հասնելու գործում: Ճշմարտությունն այն է, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ են ասում մամուլում: Ինձ հետաքրքրում են միայն թիմակիցներս և շնորհակալ եմ նրանցից ովքեր իմ կողքին են»:
Մեսսին խոսել է այն զգացողությունների մասին, որոնք ունեցել է այն ժամանակ, երբ Ոսկե գնդակով ներկայացել է իր երկրպագուներին՝ Նոու Կամպում:
«Շատ գեղեցիկ էր, սակայն հիանալին այն էր, որ տոնեցինք Խավիի և Ինիեստայի հետ միասին: Բոլորը հասկացան, որ դա մի մրցանակ է, որը նվիրված է թիմին»:
Մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում իր թիմի հետագա ընթացքը:
«Այս փուլից արդեն շատ դժվար է լինելու, քանի որ հանդիպելու ենք Արսենալի հետ, որը բարձրակարգ ֆուտբոլիստներից կազմված հիանալի թիմ է: Եթե Արսենալի արգելքը հաղթահարենք՝ մեզ կրկին սպասում են շատ ուժեղ ակումբներ»:
Խոսել է Արգենտինայի հավաքականի և նրա ապագայի մասին:
«Ներկայիս ընթացքը լավ է: Ունենք բոլոր հնարավորությունները նվաճելու Ամերիկայի գավաթը և այն նվիրելու մեր երկրպագուներին»:
Մեսսին նշել է իր ամենակարևոր և ամենաարժեքավոր գոլը:
«Իմ գոլերից ամենաարժեքավորն այն գնդակն է, երբ գրավեցի Մանչեսթեր Յունայթեդի դարպասը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Կարծում եմ, որ դա ամենակարևոր գոլն էր թե իմ և թե Բարսելոնայի համար»: