"Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ շատ դժգոհ է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի "Սևիլիայի” հետ հանդիպման մրցավարության մակարդակից: Մադրիդյան ակումբը հաղթել է 1:0 հաշվով, սակայն, պորտուգալացի մարզչի խոսքերով, մրցավարը չափազանց շատ սխալներ է թույլ տվել:
"Մրցավարը 13 սխալ թույլ տվեց: Եթե ես սկսեմ հանգամանորեն մեկնաբանել դրանք, ապա կորակազրկվեմ և չեմ մասնակցի հաջորդ հանդիպմանը: Ես լարվածություն չեմ զգում, երբ կատարում եմ իմ սիրած աշխատանքը: Իմ թիմի ֆուտբոլիստներն արժանի են, որպեսզի նրանց պաշտպանեն: "Ռեալը” կարողացավ ցույց տալ իր մարտական ոգին, թեև թիմի կազմում բացակայում էին մի շարք առանցքային ֆուտբոլիստներ: Ափսոս, որ առջևում դեռ Իսպանիայի գավաթի ևս մեկ հանդիպում է սպասվում, որովհետև, իմ կարծիքով, տղաներն արդեն արձակուրդի կարիք ունեն: Այս հանդիպումն այդքան էլ դիտարժան չստացվեց, ինչը մեծ մասամբ պայմանավորված է մրցավարի գործողություններով”, - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում "AS"-ը: