Մադրիդի "Ռեալի” գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կոչ է արել "Ինտերի” երկրպագուներին սատարել Լեոնարդոյին այնպես, ինչպես նրան էին սատարում, ինչպես նաև բավականին անսպասելի հայտարարություն է արել` ասելով,որ նա երբեք հավաքական չի մարզի:
"Ես երբեք հավաքական չեմ մարզի: Դա իմը չէ: Ես պատկանում եմ այնպիսի մարզիչների թվին, որոնք աշխատում են ամեն օր, որոնք պատրաստ են շաբաթական երեք անգամ խաղալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի”, - ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին, երբ Պորտուգալիայի հավաքականը մարզիչ էր փնտրում ` փոխարինելու Կարլուշ Կեյրուշին, Մոուրինյոն հայտարարել էր, որ պատրաստ է համատեղել ակումբի իր աշխատանքը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի հետ: Սակայն "Արքայական ակումբի” ղեկավարությունը դեմ էր այդ որոշմանը:
Ինչ վերաբերում է "Ինտերի” գլխավոր մարզիչ Լեոնարդոյին , ապա Ժոզեն հայտարարել է, որ նոր մարզիչն աջակցության կարիք ունի:
"Լեոնարդոն հիանալի մարզիչ է: Կոչ եմ անում "Ինտերի” երկրպագուներին ընդունել և սատարել նրան այնպես, ինչպես ինձ:
Նախորդ մրցաշրջանում այդ մասնագետն ապացուցեց, որ մեծ ներուժ ունի: Լեոնարդոն մեծ պրոֆեսիոնալ է: Նա երկար տարիներ նվիրվել է "ռոսոներիին”, այժմ նույն կվիրվածությամբ կաշխատի "Ինտերում”:
Մեծ հաջողություններ եմ մաղթում նրան: Խնդրում եմ, սատարեք նրան”, - ասել է Մոուրինյոն "La Gazzetta dello Sport"-ին տված հարցազրույցի ժամանակ: