"Բարսելոնայի” պաշտպան Խերարդ Պիկեն
"Sports Illustrated"-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է Լեո
Մեսսիին և Քրիշտիանու Ռոնալդուին, ինչպես նաև բացատրել է` որն է իր թիմի
պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:
-Դուք ծնվել եք Բարսելոնայում: Կարելի՞ է արդյոք ասել, որ Ձեր գալուստը կատալոնական ակումբ նախանշված էր:
-Միանշանակ: Այդ հարցում մեծ դեր է
խաղացել իմ պապիկը: Ծննդյանս օրվանից նա ինձ մոտ սեր է սերմանել դեպի
ֆուտբոլ և դարձրել է ինձ "Բարսելոնայի” մեծ երկրպագու: Նա ինքը պատանի
տարիքից երկրպագել է "Բարսելոնային”, իսկ ավելի ուշ դարձել է ակումբի
փոխնախագահը: Մայրս և հայրս ևս միշտ սատարել են "Բարսելոնային”, և ես
պարզապես չէի կարող խուսափել այդ ավանդույթից:
-Ձեզ
անընդհատ համեմատում են Ֆրանց Բեկենբաուերի հետ, նույնիսկ մականուն են
հորինել` Պիկենբաուեր: Իսկ վերջերս Դուք անձամբ հանդիպել եք նրա հետ…
-Նա
հզոր մարդ է, և նրա հետ ծանոթանալը մեծ պատիվ էր ինձ համար: Ցավոք, ես
երբեք չեմ տեսել նրան դաշտում, քանի որ այն ժամանակ դեռ չէի ծնվել, բայց ես
դիտել եմ նրա խաղերի տեսագրությունները: Մեր խաղաոճերը նման են, բայց նա
շատ ավելի տաղանդավոր է: Ես դեռ շատ պետք է սովորեմ նման մակարդակի
հասնելու համար: Նա երկու անգամ "Ոսկե գնդակի” է արժանացել, հաղթել է
1974թ. աշխարհի առաջնությունը և բազում այլ հաղթանակներ նվաճել:
Բեկենբաուերը պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Այնպես
որ, կարծում եմ, դեռ վաղ է ինձ Պիկենբաուեր կոչել:
-Այս
տարի "Ոսկե գնդակի” բոլոր երեք հավակնորդները "Բարսելոնայից” էին: Ո ՞րն է
"Լա Մասիա” պատանեկան ակադեմիայի հաջողության գաղտնիքը:
-Այնտեղ
սովորեցնում են ամենակարևոր բաները. ինչպես վերահսկել գնդակը, ինչպես
կատարել կարճ և երկար փոխանցումներ: Հիշում եմ, երբ մենք դեռ երեխա էինք,
խաղում էինք այլ կատալոնական ակումբների դեմ փորձ ձեռք բերելու համար:
Արդյունքը մեզ համար կարևոր չէր: Մեր գլխավոր նպատակն էր զարգանալ
տեխնիկապես, քանի որ միայն "ֆիզիկականով” ոչնչի չես հասնի: Իսկ հենց նույն
"Էսպանյոլում” մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը:
Մեսսին, Ինյեստան, Չավին տեխնիկապես հիանալի են գործում, թեև ֆիզիկապես
այդքան էլ ուժեղ չեն:
-Դատելով ձեր Twitter-ի էջից` կարելի
է ասել, որ Դուք մեծ կատակասեր եք” Իսկ, ո՞վ է, ձեր կարծիքով,
"Բարսելոնայի” հանդերձարանի ամենակատակասեր ֆուտբոլիստը:
-Նրանք
երկուսն են` Դանի Ալվեշը և Մեսսին , թեև նրանց հումորը շատ տարբեր է:
Ալվեշն ավելի երաժշտական է, սիրում է պարել, զվարճացնել, իսկ Մեսսին ավելի
շատ խոսքի վարպետ է: Հենց նրանց ենք մենք պարտական այն հիանալի մթնոլորտի
համար, որ տիրում է մեր թիմում, վստահ եմ, որ դա փոխանցվում է նաև մեր
երկրպագուներին: Եթե ֆուտբոլիստների միջև չկա համերաշխություն և
փոխհամաձայնություն, նրանց դաշտում էլ հաջողության չեն հասնի:
-Դուք
հսկում եք Մեսսիին մարզումների ժամանակ և Քրիշտիանու Ռոնալդուին` "Ռեալի”
հետ հանդիպումների ժամանակ: Ու՞մ է ավելի բարդ կանգնեցնել:
-Կարծում
եմ` այդ երկուսը ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Բայց
նրանց խաղաոճերը բոլորովին նման չեն: Լեոն ավելի վճռական է: Գնդակը
ստանալուց հետո նա միայն մտածում է այն դարպասը ուղարկելու մասին:
Քրիշտիանուն ավելի շատ սիրում է աշխատել հանրության համար: Բայց կանգնեցնել
նրան ամենևին էլ հեշտ չէ: Երբ խաղում ես Ռոնալդուի հետ, պետք է
ամբողջությամբ կենտրոնանաս գնդակի վրա, եթե նույնիսկ մեկ վայրկյանով գնդակը
կորչի աչքիցդ, Ռոնալդուին ևս կկորցնես: Պետք է փորձես նրանից արագ լինել,
իսկ դա միշտ չի հաջողվում, բայց երբեմն հնարավոր է:
-"Բարսելոնայում” Ձեզ ավելի շատ են թույլ տալիս մասնակցել գրոհներին, քան այլ ակումբների կենտրոնական պաշտպաններին: Ինչու՞:
-Դա
երևի բխում է մեր թիմի հատուկ խաղաոճից: Բացի դրանից, կենտրոնական
պաշտպանները հիմնականում տարիքով փոքր են լինում: Միգուցե հենց այդ
պատճառով ֆիզիկապես նրանք ավելի լավ են գործում, քան տակտիկապես: Այստեղ
խոսում է փորձի պակասը: Ժամանակի հետ դու սովորում ես վերահսկել գնդակը,
քեզ հետաքրքիր է դառնում պոկվել պաշտպանությունից և նույնիսկ գոլ խփել: Ես
արդեն փորձում եմ երբեմն անել դա:
|